Քաջիկ Հարությունյան դերասան

Նշանավոր դերասան, ասմունքող Սուրեն Քոչարյանը 1963-ին եկել էր Շուշի՝ ներկայացում խաղալու։ Ես էլ հանդիսատեսի շարքում էի։ Այդ օրը հասկացա, որ ուզում եմ մեծանամ ու բեմի մարդ դառնամ։ Այս շենքը մեր քաղաքի, ամբողջ Արցախի ամենագեղեցիկ շենքն էր։ Արտասահմանից թատերախմբեր էին գալիս մեր մոտ հյուրախաղերով։ Խորհրդային տարիների Արցախում թատրոնը ազգապահպանման կարևորագույն գործոններից էր ու նույնիսկ դպրոցի դերը այդքան մեծ չէր, ինչքան թատրոնինը։ Հայրենասիրական ներկայացումներ էինք խաղում, ոգեշնչում էինք  ժողովրդին։

Գենադի Առուշանյան դերասան

Մի անգամ հյուրախաղերով եկել էր Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնը։ Ներկայացման ավարտին դերասաններից շատերը ականջները բռնած դուրս եկան, որովհետև ղ-ի և խ-ի արտասանության խնդիր ունեին։ Եթե խաղի ընթացքում լսում ես ձայնդ, չես կենտրոնանում խաղի վրա, չես մտնում կերպարի մեջ։ Նրանք շատ էին խաղացել խուլ տեղերում և սովոր չէին մեր թատրոնի ակուստիկային։ Այսպիսի ակուստիկա, ասում են,  մեկ էլ եկեղեցում է լինում։

Թատրոնը միշտ լեփ-լեցուն է եղել հանդիսատեսով։ Նույնիսկ ունեցել ենք հանդիսատես, որը ներկա է եղել թատրոնի բոլոր ներկայացումներին։ Ամռանը մեզ ձմերուկ էր բերում, ձմռան կեսին՝ պաղպաղակ։

Մարատ Դավթյան.  դերասան, ռեժիսոր

Այսօր շատերը չգիտեն, որ թատրոնը գոյություն ունի։ Թատրոն հասկացությունը ընդհանրապես շենքն է։ Շենքն իր սիմվոլիկ բաներն ունի։ Պատահել է՝ ցրտին 4-5 ժամ փորձ ենք արել, այնինչ կարելի էր 30 րոպեում ավարտել։  Ժամանակի մեծ մասը վառարանի մոտ էինք անցկացնում, շատ ցուրտ էր։
Ինչպես Արթուր Մեսչյանն էր ասում իր երգում, դռները մեկ առ մեկ փակվում են։ Հիմա թատրոնի դռները մեկ առ մեկ բացվելու են։

Վոլոդյա Սարգսյան ․ թատրոնի ամենահավատարիմ հանդիսատես

Թատրոնն իմ մանկությունն է, իմ ջահելությունն է: 7 տարեկանից հաճախում էի թատրոն, չնայած ինձ չէին թողնում ներս մտնել այդ ժամանակ, քանի որ ազդագրերի վրա գրված էր՝ մինչև 16 տարեկանների մուտքն արգելված է երեկոյան սեանսներին: Բայց ես մտնում էի ու նայում: Թատրոնն ինձ համար դպրոց է եղել, ու ես այնտեղ ավելի շատ բան եմ սովորել, քան դպրոցից:

Էլմիրա Բաբայան․ հուշարար

Պատերազմը նոր էր սկսվել, երբ եկա թատրոն։ Կարծես կախարդական աշխարհ լիներ։ Երազ էր ինձ համար։ Սկզբում չգիտեի՝ թատրոնն ինչ է, կապ չունեի թատրոնի հետ։ Մի քանի տարի աշխատելուց հետո հասկացա, որ թատրոնը ճշմարտություն է, գեղեցկություն, ժողովրդին կրթելու միջոց։ Շատ երևելի դերասանների հետ եմ աշխատել՝ Բենիկ Օվչյանի, Մարգո Բալասանյանի, Ժորա Մովսիսյանի։ Բոլորի նկարները փակցված էին պատին։ Հիմա չկան։ Նրանք ասուպի նման եկան ու շուտ գնացին՝ իրենց ծիրը թողնելով թատրոնում հավերժ։ Մի ծեր դերասան ունեինք, խուլ էր, ես էլ հուշարարն էի։ Ստիպված համրի դեր էի տանում․ ցույց էի տալիս լեզուս, որ ասի լեզու, սիրտս էի ցույց տալիս, այդպես էլ ապրում էինք մեր թատրոնում հրաշք մարդկանց հետ․․․