ԱՂԲերս ու Ես
«Աղբը անտառը չնետել՝ թափել գետը». գրված էր մի ծառի վրա ամրացված ցուցանակին: Ինչպե՞ս կվերաբերվեիք եթե համացանցում նման նկար տեսնեիք: Ըստ USA Today-ի Հայաստանը մեկ շնչի հաշվով աղբ արտանետող երկրների շարքում 6-րդն է: Մենք աղբը շատ հաճախ նետում ենք հենց մեր շրջակայք, ինչպես փաստում է այս ցուցանակը: Շատ հաճախել էլ չենք առանձնացնում այն աղբը, որը կարելի է վերաօգտագործել:
Հավանաբար ծանոթ եք «Ախպերս ու ես» հայրենասիրական երգին: Իսկ հիմա ծանոթացեք «Ֆ8» ակումբի «Աղբերս ու ես» նախագծին: «Այբ» դպրոցի մի շարք աշակերտներով փորձելու ենք բարձրաձայնել աղբին ու թափոններին առընչվող խնդիրները՝ յուրահատուկ ցուցահանդեսի միջոցով:
ՈՒՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ուղղությամբ ուզում ենք պատմել այն մարդկանց մասին, ովքեր ոչ միայն գիտակցում են աղբը այստեղ-այնտեղ չնետելու կարևորությունը, այլև կարողանում են աղբին ու թափոնին երկրորդ կյանք տալ: Համագործակցել ենք 5 արվեստագետների հետ: Երկաթի թափոններ, զենքի մասեր, պլաստիկ շշեր և կափարիչներ, անպետք լամպեր, բանալիներ, պտուտակներ. ահա թե ինչ թափոններ են օգտագործում մեր արվեստագետները իրենց գործերում, որ ստանան զարդեր, խճանկարներ, կտավներ ու քանդակներ: Նրանք բոլորը միաբերան նշում են, որ իրենց գործերը նաև բնապահպանական խնդիր են լուծում: Ակումբի անդամներով հանդիպել ենք արվեստագետների հետ, նկարել նրանց ստեղծագործություններն ու աշխատելու գործընթացը և վերցրել հարցազրույցներ:
Այս ուղղությամբ էլ ուզում ենք ցույց տալ, որ մեր շրջակայքում կան աղտոտված վայրեր, որոնք և՛ վնասակար են բնությանը, և՛ հակադրվում են մեր իմացած գեղեցիկ վայրերին: Մենք գտել ենք Հայաստանում և Արցախում աղտոտված տարածքներ և լուսանկարել դրանք: Այնուհետև դիմել ենք 26 հայ երիտասարդների, ովքեր համաձայնել են նկարվել այդ աղբաշատ վայրերում: Համաճարակը թույլ չտվեց երիտասարդներին իրականում նկարել, սակայն մենք օգտագործել ենք որոշակի տեխնիկական միջոցներ և նրանց արդեն իսկ եղած նկարները ներկայացրել մեր կողմից լուսանկարված աղբաշատ վայրերում: Նկարների կողքին ներկայացնելու ենք նաև աղբաշատ վայրերի կոորդինատները և գտնվելու վայրը: